Նոր տարվա հետ կապված բազում ավանդույթներ կային, որոնց մեծ մասը մոռացվել կամ ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել:
Հնում հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը: Բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, այդ պատճառով հենց այդ օրն էլ հայ մարդը դարձրել է Նոր տարի և նշել ցնծալի տոնախմբությամբ, որով փառաբանել է բնության զարթոնքը, աղերսել աստվածներին, որպեսզի տարին բերքառատ դարձնեն: 18-րդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ, ընդունվեց հունվարի 1-ը (համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ), թեև նույնիսկ մինչև 19-րդ դ. կեսերը հայկական շատ գավառներում (Սյունիք, Արցախ, Ուտիք) Նոր տարին շարունակում էր տոնվել օգոստոսին: Միայն 20-րդ դարի սկզբներից համընդհանուր դարձավ հունվարի 1-ը, որպես տարվա սկիզբ, տոնելը:
Նոր տարվա նախօրյակին տները մաքրում էին, հին իրերը նետում, զարդարում կենդանիների պոզերը:
Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի 30-31-ին, ամանորյա խմորեղեն պատրաստելով: Խմորեղենի մեջ ամենագլխավոր դերը հատկացվում էր «Տարի» հացին, որը տափակ հաց էր՝ երեսը զարդարված ընկույզով, չամիչով, սերմերով ու պտուղներով, որոնք արտահայտում էին առատության գաղափարը: «Տարի» հացի մեջ սովորաբար դնում էին դրամ կամ ուլունք և այն բաժանում ընտանիքի անդամների թվով: Ում բաժնի մեջ ընկներ ուլունքը, ենթադրում էին, որ տան հաջողությունն ու բախտավորությունն այդ տարի նրա հետ է կապված: Մատենագիտական նյութերը վկայում են, որ հնում «Տարի» հացը 12 մասի է բաժանված եղել, իբրև 12 ամիսների խորհրդանշան: Տարեհացը կտրում էին մեծ հանդիսավորությամբ՝ Տարեմուտի գիշերը: Նոր տարվա սեղանի պարտադիր խմորեղենն էր նաև գաթան, որի երեսը զարդարում էին կենդանիների պատկերներով կամ տաճարների նկարներով, հաճախ մատով փոսիկներ անելով:
Նոր տարվա սեղանին պարտադիր էին յոթ տեսակ միրգը և յոթ ճաշատեսակները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







