Կեղծ պռոֆիլների և տարատեսակ դիանաների թեմայի ակտուալության ֆոնին, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջումևս մեկ թարմ օրինակ է ներկայացրել, որը համապատասխան ինստիտուտների ֆունկցիոնալ շրջանակներում է և խնդրել է, որպեսզի այս թեմայի ուղղությամբ ևս աշխատանք տարվի։
«Արդեն մի քանի ամիս է ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պռոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում։ Տարբեր ջարդված օգտատերեր, որոնք կառավարվում են ադրբեջանցիների կողմից, Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի, դրա սրացման, հասարակական հարաբերությունների խաթարման, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ օրակարգի շուրջ, ներքին թշնամության առաջացման կամ խորացմանն ուղղված գրառումներ են տարածում»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ մի քանի ամիս է, տարբեր խմբերում, իր ընկերոջ անունից կեղծ լուրեր են շրջանառվում փողոց դուրս գալու և Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներ անելու մասին։
Արցախի նախագահի խորհրդականը տեղեկացրել է, որ անձամբ գրել է ադմիններին, փորձել խմբերում կանխել ադրբեջանցիների կեղծ լուրերի տարածումը, սակայն խմբերի ադմինների ճնշող մեծամասնությունը չեն արձագանքում։ Աբրահամյանը հրապարակել է խմբի և օգտատիրոջ պրոֆիլի լինքեր և նշել, որ սա համալիր լուծում պահանջող խնդիր է։
«Խնդրանքս է տեղեկատվական անվտանգության թեմաներով զբաղվող կառույցներին՝ զբաղվելու նմանօրինակ անվտանգային խնդիրներով, նման դեպքերը կանխել վաղ փուլում, ինչպես նաև՝ տեղեկատվական անվտանգության սկզբունքների, դրանց ռիսկերի վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ իրականացնել»,-եզրափակել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







