Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը այսօր ներկա են գտնվել Մայակովսկի համայնքի՝ շուրջ տասը տարի լքված մանկապարտեզի մեկ մասնաշենքի բացման արարողությանը: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել Կոտայքի մարզպետարանի կայքում:
Ըստ աղբյուրի՝ մանկապարտեզի մասնաշենքն ունի բոլոր հնարավորությունները երկու խումբ փոքրիկների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար:
Մասնաշենքը հիմնանորոգվել է Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ:
2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի մյուս մասնաշենքն ու խոհանոցային հատվածը:
Ծրագրի ընդհանուր արժեքն է 30.3 մլն դրամ, որից 26.8 մլն դրամը պետական ֆինանսավորման չափն է, 3.5 մլն դրամը` համայնքի ներդրումը:
Նշենք, որ 2019 թվականին Կոտայքում մեկնարկել են միանգամից 10 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ծրագրեր: