Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Ամեն տարի ամբողջ աշխարհում մարդիկ նշում են քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, որպեսզի հանրության ուշադրությունը հրավիրեն գլոբալ խնդրի վրա: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նպատակը ոչ միայն ուռուցքաբանական հիվանդությունների վտանգի մասին իրազեկումն է, այլև հանրությանն իրազեկելը, թե կյանքի ինչպիսի կանոններ պետք է պահպանվեն, որպեսզի մասամբ կանխեն քաղցկեղի առաջացումը:
Միջազգային հակաքաղցկեղային միությունը (International Union Against Cancer, UICC) քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի օրն հռչակել էր 2005 թվականին:
Հայաստանում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «ֆլեշմոբ» են սկսել ի աջակցություն քաղցկեղ ունեցող անձանց:
«ֆլեշմոբ»-ին մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
Նրանք «Ֆեյսբուք»-ի իրենց պաշտոնական էջերում տեղեկատվական արշավ են սկսել և գրել. «Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի որ վստահ եմ, որ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ: Միացի՛ր և դու: Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել»:
Նրանք գրառման տակ նաև հաշթագեր են թողել՝ #cityofsmile #ժպիտներիքաղաք #Worldcancerday2020 #February4 #February15
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







