Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այս մաիսն հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Չինաստանի համար դժվարին այս պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից թույլ տվեք խորին ցավակցություն ու զորակցություն հայտնել Ձեզ և բարեկամ չին ժողովրդին կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, որն արդեն իսկ պատճառ է հանդիսացել հարյուրավոր մարդկային զոհերի։
Չինաստանն իր բազմադարյա պատմության ընթացքում դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների և միշտ պատվով հաղթահարել դրանք: Վստահ ենք, որ այս անգամ նույնպես, Ձեր իմաստուն և հեռատես ղեկավարման ներքո, Չինաստանին կհաջողվի հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի խաղաղ ու ապահով մթնոլորտը:
Մաղթում եմ Ձեզ անսասան համբերություն և հաստատակամություն, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ ոգու արիություն»,-ասվում է Վարչապետի հեռագրում:
Չինաստանի վարչապետին ուղղված ցավակցական հեռագրում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին կորոնավիրուսի տարածման հետևանքով մի քանի հարյուր մարդկանց մահվան կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի բնականոն ընթացքը:
Մաղթում եմ Ձեզ ուժ և վճռականություն, իսկ չին բարեկամ ժողովրդին՝ համբերություն ու ոգու տոկունություն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







