Երևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հուշարձանը։ Այդ մասին որոշումը հոկտեմբերի 26-ին ընդունվեց Երեւանի ավագանու խորհրդի նիստում։ Հուշարձանը կտեղադրվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում։
Ալբերտ Ազարյանը Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի, ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն է։
Հիշեցնենք, որ 2019թ. Երևանի ավագանին ընդունել էր Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի վերանորոգման համար 150—160 մլն դրամ հատկացնելու մասին որոշում, սակայն դրանից հետո պարզվել էր, որ շենքը վթարային է: Հոկտեմբերի 26-ի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ Ազարյանի անվան մարզադպրոց կկառուցվի այլ վայրում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում:
Հավելենք, որ 1953 թ. Լենինգրադում կայացած մարմնամարզության աշխարհի առաջնությանը Ազարյանը կատարել էր իր հեղինակային վարժությունը, որը հետագայում կոչվեց Ազարյանական խաչ, և առ այսօր որևէ մարզիկ չի կարողացել ճշգրտությամբ նույնությամբ կրկնել այն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







