Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնում նշանակվել է արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը՝ ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից:
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:
Տեր Եսայի քահանա Արթենյանը ծնվել է 1975թ. նոյեմբերի 10-ին, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում: 1981-1992թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև 1992-1997թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 1997-1998թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1996թ. մայիսի 16-ին ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ: 1998-1999թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում: 1999թ. սեպտեմբերի 19-ին ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1999-2000թթ. ծառայել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, իսկ 2000-2002թթ.` ՊՆ թիվ X զորամասում՝ որպես հոգևոր սպասավոր:
2002-2005թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում, 2005-2015թթ. ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում: 2015թ. առ այսօր` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Ամուսնացած է, ունի 4 զավակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







