Ապրիլի 1-ից սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինների գործունեությունը միավորվել է, և բոլոր ուղղություններով վերջիններիս ծառայությունների տրամադրումը և լիազորությունները վերապահել են Միասնական սոցիալական ծառայությանը։ Այս մասին պարզաբանում են տարածել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ գերատեսչությունից տեղեկացնում են, որ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակներում և սոցիալական աջակցության գործակալություններում ու բաժիններում եղած հաստիքների թիվը պահպանվել է։
Ինչպես նախապես հայտարարվել էր՝ հաստիքների կրճատում չի իրականացվել․ գործառութային փոփոխությունների արդյունքում առկա հաստիքների թիվը և նախկին կառույցների հաստիքների հանրագումարը նույնն է, ուստի համակարգային գործազրկության մասին խոսակցություններն անտեղի են։
Տարածքային կենտրոնների ընդհանուր 900-ից ավելի հաստիքից շուրջ 300 հաստիք այս պահին թափուր է, որոնց դիմելու վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար թարմացվում են www.socservice.am կայքի «Աշխատանք մեզ մոտ» բաժնում։
Ընդ որում՝ այս պահին հայտարարվել է դիմումների ընդունման երկրորդ փուլ, քանի որ առաջին փուլի արդյունքում ոչ բոլոր հաստիքներն են համալրվել։
Նախարարությունից հորդորում են բոլորին՝ այդ թվում կառույցների նախկին աշխատակիցներին, սոցիալական պաշտպանության ոլորտում ցույց տալ իրենց փորձն ու գիտելիքը՝ դիմելով հայտարարություններին և չափորոշիչներին համապատասխանելու դեպքում անցնել աշխատանքի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







