Երևանի Սիլիկյան թաղամասում պարեկները ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ ու 20 փամփուշտ են հայտնաբերել, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՆԳՆ տվյալներով՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, պարեկները նկատել են հանդիպակաց ուղղությամբ երթևեկող երիտասարդին։ Տեսնելով ոստիկաններին՝ նա փորձել է փախուստի դիմել, սակայն պարեկները հետապնդել և բռնել են նրան։
Երիտասարդը ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու հիմնավոր կասկածով և տեղափոխվել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ։
Հայտնաբերված իրերն առգրավվել են, իսկ երիտասարդն ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







