Հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակը շարունակաբար թուլանում է, բայց ամեն օր արձանագրվող բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետությունում ստեղծված կորոնավիրուսային իրավիճակին։
«Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է, եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 %-ի մակարդակին, իսկ հիմա 15 %-ի շրջանում։ Մենք այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել, այն իմաստով, որ եթե նախկինում սպասում էինք, որ մարդիկ դիմեն, հիմա առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի և կգնա ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ, ախտորոշում կիրականացնեն, և սա հնարավորություն կտա ինչ-որ ձևով հաղթահարել համաճարակը»,-ասաց նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ հայտնաբերված դեպքերը լինեն այնքան, որ կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավելի, քան 10 %-ը։
«Դրան հասնելու համար մենք ռիսկային փակ հաստատություններում հետազոտություններ կիրականացնենք։ Դրանց մեջ են մտնում սուպերմարկետները, ֆաբրիկաները, հոգեկան առողջության կենտրոնները, բանկերը, թաղապետարանները և այլն։ Այսինքն, եթե նրանց մեջ մեկի մոտ դրական է հաստատվում, չենք սպասում մյուսների մոտ սիմպտոմներ ի հայտ գան, մենք բոլորին թեստավորում և արագ հայտնաբերում ենք։ Որպես օրինակ՝ նշեմ, որ մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել»,-ասաց նախարարը:
Վարչապետն էլ նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







