ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ վերջին շրջանում Հայաստանի պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների: Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ներկայացուցիչ Վրույր Թադևոսյանի էջում հրապարակված տեսանյութից։
Նշվում է, որ բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսարանի առջև, որին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան։
Հաղորդվում է, որ ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Կան վիրավորներ: Ադրբեջանցիները տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա:
Ադրբեջանցիները շատ չեն եղել՝ մոտ 30 հոգի, որոնք ակցիայի կեսից հեռացել են, սակայն վերջին պահին հարձակվել են հայ աղջիկների մեքենաների վրա, հարվածել: Հայերի արձագանքը համարժեք էր. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրենց դրոշը հատակին, իրենցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:
Հեռանալու ընթացքում հայերն ուղեկցել են նրանց սուլոցներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







