Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ հուլիսի 15-ին, քննարկվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում 2019 թ. իրականացվել է 43 ծրագիր, մինչև այս տարեվերջ ավարտին կհասցվի 14 ծրագիր, ևս 22 ծրագիր շարունակական կիրականացվի մինչև 2023 թվականը:
Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները. 15 միավորված համայնքում ներդրվել են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր, 9-ում՝ քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ): Ընթացքի մեջ են ևս 9 միավորված համայնքում ՔՍԳ հիմնման աշխատանքները, ակնկալվում է մինչև տարեվերջ ունենալ 49 ՔՍԳ: Գրասենյակների կողմից քաղաքացիներին մատուցվում է պետական մարմինների ավելի քան 60 ծառայություն:
2019 թ. հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 17,465 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում` 9,597 մլրդ դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են համայնքային տարբեր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ուղղություններով: 2020 թ. հաստատվել է 170 սուբվենցիոն ծրագիր՝ 6,795 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 3,561 մլրդ դրամ պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Տարածքային համաչափ զարգացման նպատակով ՀՀ մարզերում իրականացվել է առաջնահերթ լուծում պահանջող 210 ծրագիր, որից արդեն ավարտվել է 191-ը, մնացածն ընթացքի մեջ են:
Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 8 դպրոցում կատարվել են 4.11 մլրդ դրամին համարժեք շինաշխատանքներ, ներկայում ընթացքի մեջ են 7 դպրոցի կառուցման աշխատանքները, 2020 թ. նախատեսվում է հայտարարել 15 դպրոցի շինարարական մրցույթները:
Շարունակվել են Վեդիի և Կապսի ջրամբարների և ոռոգման համակարգերի կառուցման ծրագրերը:
Անդրադառնալով ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտին՝ նախարարը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ պետբյուջեի հատկացումներով հիմնանորոգվել է 150,4 կմ ճանապարհ, կատարվել են 131,5 կմ միջպետական ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ 2020 թ. նախատեսված են 2444 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման և մոտ 80 կմ միջին նորոգման աշխատանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







