Սիմֆերոպոլում բացվել է Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունու հուշարձանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բացման արարողությանը մասնակցել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։ Հուշարձանը տեղադրվել է քաղաքային դպրոցներից մեկի տարածքում՝ հայ համայնքի միջոցների հաշվին։
Ակսենովի խոսքով՝ հանրապետությունում շարունակվելու է իրենց հայրենիքը պաշտպանող հերոսների հավերժացման պրակտիկան։
Իր հերթին Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը խորհրդանշական է համարել, որ քանի դեռ այլ երկրներում քանդում են հուշարձանները, Ղրիմում դրանք կառուցվում են:
Աշոտ Հաբեթի Ամատունին խորհրդային սպա և զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ է, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս: Ծնվել է 1923թ. դեկտեմբերի 23-ին Ալեքսանդրապոլում: Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Սիմֆերոպոլում։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 12-ին Սիմֆերոպոլի հայկական գերեզմանատանը: Ամատունին Ղրիմի Հանրապետությունում ապրող Խորհրդային Միության վերջին հերոսն էր։ Նրա անունն է կրում քաղաքային դպրոցներից մեկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







