ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ վերջին շրջանում քննարկվող Ֆիրդուսի թաղամասի վերակառուցման խնդրին:
Փոխվարչապետը ներկայացրեց խնդրի նախապատմությունը՝ նշելով, որ Ֆիրդուսի վերակառուցման ծրագիրը սկսվել է դեռ 2007-2008 թվականից, տարածքը ճանաչվել է որպես գերակա շահ, 2015-ից մշակվել է կառուցապատման նախագիծ և հաստատվել է այդ ժամանակվա քաղաքաշինության նախարարության և քաղաքապետարանի կողմից։
«Ինչ ենք մենք արել հեղափոխությունից հետո: 438 ընտանիքի համար՝ Ֆիրդուսի և այլ թաղամասերից, լուծվել է բնակարանային պահովության հարցը՝ ոմանց տրվել է գումարային փոխհատուցում, ոմանց՝ բնակարաններ, իսկ հեղափոխությունից հետո գումարային փոխհատուցումները կրկնապատկվել են»,- նշեց փոխվարչապետը:
Ավինյանը նշեց, որ բացի սոցիալական բաղադրիչից, կան ներդրողները, որոնք օտարման համար ներդրել են 70 մլն դոլար, և նրանց շահերից է բխում, որ գործընթացն արագ տեղի ունենա՝ նշելով, որ ձգձգումներ եղել են, բայց ամեն ինչ արել ենք, որ խնդիրներն արագ լուծվեն, փոխանցումները սահմանված ժամկետներում իրականացվեն։
Խոսելով պատմամշակութային շենքերի նշանակության մասին՝ Ավինյանը նշեց, որ այն շենքերը, որոնք ֆիքսված են որպես պատմամշակութային հուշարձան, որևէ խնդիր նրանց հետ լինել չի կարող, իսկ մյուս շենքերի մասով փորձում են տեղային լուծումներ տալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







