Մի քանի անգամ բրիֆինգներում ասել եմ, որ կարանտինին վերադառնալու եզրին ենք եղել, բայց վերլուծելուց հետո հասկացել ենք, որ տարածման ամենամեծ օջախները հարևանությունն է։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի հարցին, թե կա արդյոք «պլան Բ», որը կոնկրետ գործողություններ է նախատեսում «դիմակ կրելու ռեժիմի» պահպանման վրա հիմնված ներկայիս ռազմավարության տապալման դեպքում։
«Մարդկանց օրինակ չենք թողնում գալ Հանրապետության հրապարակ իրենց տնից, բայց ամենամեծ պոտենցիալ աղբյուրը Հանրապետությանը հրապարկը չէ։ Երբ մարդն այստեղ դիմակ չի կրում, դա ավելի տեսանելի է և կարելի է վարչական մեթոդներով կարգավորել դա։ Բայց ամենամեծ օջախը բիսեդկաներն են, հայաթները և հարևանությունը»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ մի շքամուտքում մարդը վարակվում է և վիրուսը սկսվում է տարածվել, որովհետև մենք իրար տուն գնալու ու կոֆե խմելու սովորություն ունենք։
«Երբ մենք կարանտին հայտարարեցին, մի պահից սկսած փակվածությունից ելնելով թվերը սկսեցին աճել կարանտինի պայմաններում։ Մարդիկ ձանձրույթից սկսեցին ավելի շատ իրար տուն գնալ կոֆե խմելու և վարակը դրանից ավելի շատ սկսեց տարածվել»,- նշեց վարչապետը։ Նա ընդգծեց, որ վիրուսի դեմ պայքարի մեթոդը պետք է դառնա խոսակցությունը, ամեն մարդու վրա չեն կարող ոստիկան նշանակել։
Փաշինյանը կոչ արեց առանց դիմակի ընտանիքի անդամ չհանդիսացող մարդկանց հետ չխոսել, սոցիալական հեռավորություն պահպանել նույնիսկ դիմակով շփվելիս, ախտահանել ձեռքերը, երբ տանը կա կասկածելի դեպք անգամ տան անդամների, տարիքով մարդկանց հետ շփվել դիմակով՝ նրանց չվարակելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







