Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:58

ՆԳՆ-ն առաջարկել է խստացնել քաղաքացիություն ստանալու և վերականգնելու պայմանները

ՆԳՆ-ն առաջարկել է խստացնել քաղաքացիություն ստանալու և վերականգնելու պայմանները

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է քաղաքացիություն ստանալու և վերականգնելու պայմաններում առաջարկվող փոփոխությունները։

Նախարարը հայտարարել է, որ ՆԳՆ-ն վերարժևորում է գործող չափորոշիչները, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք իրենց կյանքը կապեն Հայաստանի հետ և բնակվեն երկրում։

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում այն հնարավոր կլինի վերականգնել ոչ շուտ, քան հինգ տարի անց։ Նախարարը հնգամյա սահմանափակումը բացատրել է նրանով, որ քաղաքացիությունը չպետք է օգտագործվի որպես ժամանակավոր գործիք։

«Սա հերթական գործարքը չէ, երբ դու կարող ես մի օր որոշել ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հաջորդ օրը դադարեցնել»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունը թույլ է տալիս անձին ՀՀ քաղաքացիություն ստանալու արդեն հաջորդ օրը դիմել` այն դադարեցնելու համար։ Սարգսյանը նշել է, որ նման հնարավորությունը կարող է օգտագործվել այլ երկրներում տարբեր հարցեր շրջանցիկ ճանապարհներով լուծելու համար կամ առնվազն նման կասկածներ առաջացնել։

Նախարարի խոսքով՝ առաջարկվող հնգամյա ժամկետը պետք է նաև հնարավորություն տա մարդուն գնահատել քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները։

«Կարևոր է, որ դադարի դեպքում անձը մտածի՝ արդյոք ուզո՞ւմ է խզել Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերությունները, թե՞ ոչ։ Եթե որոշում է, այդուհանդերձ, ապա պիտի վստահորեն իմանա, որ հաջորդ շնորհման պրոցեսը, այսինքն՝ հարաբերությունների վերականգնումը, կարող է տեղի ունենալ առնվազն հինգ տարի հետո»,- նշել է Սարգսյանը։

Փոփոխություններ են առաջարկվում նաև ազգությամբ հայերի համար․ ՆԳՆ-ն նախատեսում է սահմանել Հայաստանում երկու տարվա ռեզիդենտության պահանջ։ Սարգսյանի խոսքով՝ այդ դեպքում անձը տարվա ընթացքում առնվազն 183 օր պետք է գտնվի Հայաստանում։

Նախագծով առաջարկվում է նաև բարձրացնել պետական տուրքերը․ քաղաքացիություն շնորհելու համար՝ 50 000-250 000 դրամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 150 000-1,5 մլն դրամ։

Սարգսյանը պետական տուրքերի բարձրացումը բացատրել է քաղաքացիության առանձնահատուկ կարգավիճակով և քաղաքացու ու պետության միջև ձևավորվող իրավական կապով։ Նրա խոսքով՝ քաղաքացիությունը «հերթական սերվիսը չէ», և անհրաժեշտ է նաև գաղափարական տեսանկյունից գնահատել պետական տուրքի չափը։

Քաղաքացիության դադարեցման համար նախատեսվող տուրքի չափին անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ քաղաքացիության ընթացքում անձն օգտվում է պետության կողմից տրամադրվող տարբեր հնարավորություններից, այդ թվում՝ կրթության և առողջության ապահովագրության ոլորտներում։

Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ 1,5 մլն դրամը պետության՝ քաղաքացու համար կատարած ծախսերի փոխհատուցում չէ։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ անձը մտածի՝ արդյոք ցանկանո՞ւմ է խզել պետության հետ հարաբերությունները։

Որպես արտասահմանյան փորձի օրինակ՝ Սարգսյանը նշել է Ավստրիան, որտեղ, նրա խոսքով, միայն քաղաքացիության շնորհման համար վճարը շուրջ 1600 եվրո է։

Սարգսյանը նշել է, որ դժվար է խոսել անձի կենսական շահերի՝ Հայաստանի հետ կապի մասին, եթե նա երկրում չի գտնվում և Հայաստանի ռեզիդենտ չէ։ Նրա խոսքով՝ մի քանի օրով Հայաստան այցելելը չի կարող հաստատել Սահմանադրությամբ նախատեսված՝ երկրում բնակվելու փաստը։

Սարգսյանը նշել է նաև, որ քաղաքացիության ինստիտուտին անդրադարձ կա ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացում։ Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերները ևս գնահատում են, որ Հայաստանը «չափազանց բաց» է պահում քաղաքացիության շնորհման դաշտը։

Սարգսյանն ընդգծել է, որ իշխանությունները ցանկանում են վերանայել քաղաքացու և պետության հարաբերությունների նկատմամբ մոտեցումը։

«Քաղաքացիությունը ենթադրում է բարձրագույն իրավական կապ քաղաքացու և պետության միջև՝ ձևավորելով փոխադարձ իրավունքներ և պարտականություններ»,- հայտարարել է նախարարը։

Մեկ այլ առաջարկվող փոփոխությամբ՝ քաղաքացիություն շնորհելու մասին նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի միայն երդում տալու պահից։ Երդումը պետք է տրվի քաղաքացիության շնորհումից հետո մեկ տարվա ընթացքում։

Սարգսյանի խոսքով՝ ներկայում լինում են դեպքեր, երբ քաղաքացիություն շնորհելու մասին նախագահի հրամանագիրն արդեն առկա է, սակայն անձինք չեն ներկայանում ո՛չ անձնագիր ստանալու, ո՛չ էլ երդում տալու համար։ Առաջարկվող կարգավորմամբ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի բացառապես երդման պահից։

Նախարարը հերքել է նաև պնդումները, թե առաջարկվող փոփոխություններով իշխանությունները բարդացնում են քաղաքացիություն ստանալու գործընթացը կամ հեռացնում Սփյուռքը Հայաստանից։ Նրա խոսքով՝ Սփյուռքի հետ կապերը շարունակելու են ամրապնդվել, սակայն քաղաքացիության շնորհումը չպետք է լինի այդ հարաբերությունների հիմնական խթանը։

Ավելի վաղ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտարարել էր, որ ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործող պայմանները չափազանց պարզեցված են և վերանայման կարիք ունեն։

Նրա տվյալներով՝ 2025 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը գերազանցել էր 32 000-ը՝ հասնելով ՀՀ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշին։ Ղազարյանը դիմումների աճը պայմանավորել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ զբոսաշրջային սահմանափակումների հետ։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիությունը նման դեպքերում կարող է օգտագործվել որպես արտասահմանյան ուղևորությունները հեշտացնող փաստաթուղթ ստանալու գործիք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+