Երկիր մոլորակի ջերմության կուտակման տեմպը վերջին 26 տարիների ընթացքում ավելի քան եռապատկվել է, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ հղում անելով NASA-ի CERES արբանյակային դիտարկումներին։
CERES-ի տվյալներով՝ արբանյակային դիտարկումները թույլ են տալիս համեմատել Երկրի կողմից կլանված արևային էներգիայի քանակը տիեզերք վերադարձված ջերմային էներգիայի քանակի հետ։ Այս երկու մեծությունների տարբերությունը ցույց է տալիս Երկրի համակարգում կուտակվող ավելցուկային ջերմությունը, նշել է Ազիզյանը։
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն (ՀՕԿ) այս համատեքստում զգուշացրել է օդի որակին սպառնացող ռիսկերի աճի մասին:
Կազմակերպության նոր տեղեկագրի համաձայն՝ անտառային հրդեհների և ջերմային ալիքների հետևանքով աղտոտվածության աճը կարող է խաթարել օդի որակի բարելավման, ինչպես նաև մարդու առողջության և էկոհամակարգերի պաշտպանությանն ուղղված ջանքերը։
ՀՕԿ-ը նշում է, որ մանր մասնիկային նյութը (PM2.5) և գետնամերձ օզոնն առանձնակի վտանգ են ներկայացնում։ 2025 թվականին PM2.5-ի կոնցենտրացիաները մի շարք շրջաններում գերազանցել էին երկարաժամկետ միջին ցուցանիշները, այդ թվում՝ Հյուսիսային Կանադայում, Ռուսաստանի որոշ հատվածներում և Արևմտյան ու Կենտրոնական Աֆրիկայում՝ անտառային հրդեհների ակտիվության աճի պայմաններում։ Անտառային հրդեհներից առաջացած ծուխը կարող է տարածվել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր կիլոմետրեր՝ վատթարացնելով օդի որակը հրդեհի օջախից հեռու գտնվող տարածքներում։
Օդի որակը շարունակում է մնալ հրատապ խնդիր նաև Հայաստանում։ 2025 թվականի նոյեմբերին Երևանում աղտոտվածության մակարդակը գերազանցել էր նորման 1,4-4 անգամ:
Կարդացեք նաև՝
«Խեղդվում ենք, օդ չկա շնչելու», «աղտոտվածություն չենք նկատում». հարցում՝ Երևանում օդի որակի մասին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







