ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր սոցիալական ցանցում տարածված քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութին։
Այդ առնչությամբ նախարարը մի քանի արձանագրում է կատարել։
- «Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը,
- Տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն,
- Հետևաբար նաև ակնհայտ է, որ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և հետևաբար ոստիկանության գործողությունների՝ համաչափությունը։
- Հ. Գ. արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության»,- նշել է Բադասյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







