Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով փոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Գերատեսչությունից իրազեկում են, որ նոր կարգավորմամբ՝ հարկ վճարողին հարկային պարտավորության առաջացման օրը կուղարկվի հիշեցում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե հիշեցումից հետո 7 օրվա ընթացքում պարտավորությունը չմարվի, առարկություն չներկայացվի կամ այն չընդունվի, հարկային մարմինը նույն օրը կկայացնի գանձման որոշում։
Ըստ այդմ՝ կկիրառվի արգելանք՝ հարկ վճարողի բանկային հաշիվների միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցվող շարժական և անշարժ գույքի նկատմամբ։
Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում պարտավորությունը չմարվի, գործը կներկայացվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։






































