ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոց։ Այս մասին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում։
Վարչապետի տիկինը նշել է, որ ինչպես Տանձուտ, այնպես էլ նույն մարզի Այգեշատ համայնքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները գտնվում էին սարսափելի վիճակում։
««Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է վերոնշյալ դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգումը և մի քանի ամիս անց մեր դպրոցականները ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն գեղեցիկ, բարեկարգ ու մաքուր մարզադահլիճներում»,- գրել է Աննա Հակոբյանը։
Հակոբյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի նպատակն է խթանել ֆիզիկական կրթությունը, հանրայնացնել ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնել համայնքային կյանքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







