ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում հայտնեց, որ նախարարության ունեցած տեղեկություններով՝ առաջիկա հանգստյան 4 օրերին որոշ դպրոցներում կազմակերպվելու են ավարտական դասարանների հավաքներ, որը վտանգավոր է համավարակի տարածման այս փուլում:
Նախարարը նշեց, որ տնօրենները պետք է ջանքեր գործադրեն նման միջոցառումներ թույլ չտալու համար՝ հայտնելով, որ ուսումնական հաստատությունները նախապես զգուշացվել են ավարտական միջոցառումներ չկազմակերպելու, առողջապահության նախարարության բոլոր ցուցումները և պարետատան սահմանած կանոնները պահելու մասին։
«Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան ավարտական միջոցառումների կազմակերպումից: Հասկանում ենք, որ «Վերջին զանգը» մեր շրջանավարտների կյանքում բացառիկ իրադարձություն է: Մենք խոստացել ենք, համավարակի հաղթահարումից հետո օր նշանակել ու շրջանավարտների հետ միասին «Վերջին զանգը» նշել»,- ընդգծեց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նաև առաջարկեց ոստիկանությանն առաջիկա հանգստյան օրերին խստացված հսկողություն իրականացնել կուտակումներ ենթադրող միջոցառումների ուղղությամբ:
Նախարարը նաև իրավապահների ուշադրությունը հրավիրեց նաև դեպի սրբավայրեր ուխտագնացութունների և նմանատիպ այլ միջոցառումների վրա:
«Անցյալ շաբաթ մեծ կուտակումներ են եղել Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ, որին անդրադարձել են նաև սոցիալական ցանցերի օգտատերերն ու ԶԼՄ-ները: Նման երևույթների կրկնությունն անթույլատրելի է»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների` էքսկուրսիաների, հավաքների և ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա:
Վարչապետը նշեց նաև, որ երբ հետագայում տեղեկություններ կունենանան, թե որտեղ են նման միջոցառումներ կազմակերպվել, այդ տեղեկատվությունը որոշակի կոնկրետ հետևանք կունենա դպրոցների տնօրենների և համայքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







