Աշխարհի ոչ մի երկրում չի արձանագրվում կորոնավիրուսային վարակի 100 տոկոս դեպքերի հայտնաբերում, քանի որ վարակված անձը նույնիսկ կարող է տեղյակ չլինել, որ ինքը վարակակիր է։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս հիվանդության առանձնահատկություններից մեկը հետևյալն է, որ այն շատ մեծ դեպքերով զուգորդվում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց ախտանշանի: Այսօր այս դահլիճում կարող են լինել մարդիկ, որոնք վարակակիր են, ու իրենք էլ չգիտեն դրա մասին»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 1400 վարակակիր։ Դրանց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք է շատ խիստ լինել դիմակներ կրելու հարցում, հետևել, որ որևէ քաղաքացի առանց դիմակի տնից դուրս չգա, աշխատանքի չգնա, ուրիշների հետ չշփվի։
«Մեր հիմնական գործիքը մենք համարում ենք քաղաքացու անձնական պատասխանատվությունը։ Եթե կանոնները չպահպանվեն, ապա դիմակների կրումը պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում՝ ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե, ու դեռ հարց է՝ տանը դիմակները պարտադիր կդարձնե՞նք, թե՞ չէ»,- ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







