Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել կենսաթոշակային համակարգի անցումային գործընթացի վերաբերյալ՝ հորդորելով քաղաքացիներին մինչև մարտի 5-ն իրենց գումարների ստացման համար ընտրել որևէ բանկ:
Նախարարության կենսաթոշակային ապահովության և դրամական այլ վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ քաղաքացիները կարող են առցանց դիմել socservice.am կայքի միջոցով՝ ընտրելով նախընտրելի բանկը, ապա անհրաժեշտ կլինի կնքել հաշվի սպասարկման պայմանագիր և ստանալ բանկային քարտ: Նշված ժամկետից հետո նրանց համար, ովքեր չեն կատարի ընտրություն, բանկը կընտրվի ավտոմատ:
«Մարտի 5-ն ընտրեցինք, որպեսզի այդ ամսաթվից հետո ընկած ժամանակահատվածում կատարենք գործողություններ, որոնք անհրաժեշտ են կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստանալու համար, ապրիլի 1-ին արդեն ցուցակները կձևավորենք և կուղարկենք բանկերին»,- ասել է Գալստյանը:
Մարտ ամսվա ցուցակները կլինեն վերջինը, որտեղ կներառվեն կանխիկ վճարումներ ստացողները, որից հետո կսկսվի ապրիլ ամսվա անկանխիկ վճարումների նախապատրաստումը:
Նախարարության ներկայացուցիչը հորդորել է չհապաղել դիմումների հարցում, քանի որ մարտի 5-ից հետո բանկ ընտրելու պարագայում գործընթացը կարող է երկարաձգվել, և շահառուներն իրենց ապրիլ ամսվա վճարումները կկարողանան ստանալ միայն ամսվա վերջին։




































