Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ին կայացած հերթական նիստում սահմանել է 2026թ․ հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը։
Ինչպես հայտնում են հանձնաժողովից, հանրային տեսալսողական հեռարձակողի համար մեկ րոպեի արժեքը սահմանվել է՝ «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրի դեպքում՝ 45 000 դրամ (ներառյալ ԱԱՀ), «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի դեպքում՝ 18 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)։
Հանրային լսողական հեռարձակողի դեպքում մեկ րոպեի արժեքը կկազմի 1800 դրամ (ներառյալ ԱԱՀ)։
Նիստի ընթացքում հանձնաժողովը նաև հաստատել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը։
Բացի այդ, հայտարարվել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային մրցույթ՝ Տավուշի մարզի տարածքում սփռման համար։
Հանձնաժողովը բավարարել է նաև «Թիվինետ» ՍՊԸ-ի լիցենզիայի վերաձևակերպման հայտը և հաստատել «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումները։
Որոշումները կարող են բողոքարկվել ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում տարաձայնություններ են առաջացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած քարոզարշավի մեթոդների շուրջ։




































