ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է այսօր Մայր Աթոռում զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Եկեղեցու 10 եպիսկոպոս, ովքեր նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրաժարական ներկայացնել, դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ: Նրանք կոչ էին արել միանալ իրենց դեկտեմբերի 18-ին Էջմիածնում և պահանջել Գարեգին Երկրորդի հրաժարականը:
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ էր հանդես եկել Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո մի շարք քաղաքացիներ, քաղաքական գործիչներ ևս հայտնել են, որ լինելու են Էջմիածնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







