Օգոստոսի 23-ից ՀՀ-ում մեկնարկում է սիրողական որսաշրջանը, հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Ըստ հրապարակման՝ նախարար Համբարձում Մաթևոսյանն ստորագրել է 2025-2026 թվականների որսաշրջանի ընթացքում որսալու թույլատրելի կենդանիների ցանկն ու ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Ըստ հրամանի՝ թույլատրվում է որսալ լոր, քարակաքավ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի, կռնչան բադ, սև փարփար, սուլող մրտիմն, եղեգնահավ, մորոտկտցար, նապաստակ, փրսուղ, քարակզաքիս, վայրի խոզ, աղվես։ Յուրաքանչյուր առանձնյակի համար որսի թույլտվության ժամկետները տարբեր են։
Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող քաղաքացիներին նախարարությունից հորդորել են ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։
Նշենք, որ որսաշրջանի վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի փետրվարի 28-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







