Հայաստանի խորհրդարանում այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումներում քննարկվում է բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական փոփոխությունների հարցը:
«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներին ներկա են տարբեր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Ստացվել է լսումներին մասնակցելու ավելի քան 600 հայտ, ԱԺ-ն ստիպված է եղել ընտրություն կատարել: Լսումներին ներկա է նաև ԿԳՄՍ նախարարը:
Բացելով լսումները՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նախորդ տարի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր առաջարկով: Նա հիշեցրել է, որ փոփոխությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել հանրության շրջանում, ինչի մասին վկայում է մասնակիցների մեծ ակտիվությունն այսօրվա լսումների ժամանակ:
«Բարձրագույն կրթության, գիտության մասին օրենքը վերջերս բավականին քննարկվել է, հնչել են դեմ և կողմ կարծիքներ: Օրենքի նախագիծը, կարելի է ասել, ինչ-որ առումով հեղափոխական նախագիծ է և նախատեսում է մեծ փոփոխություններ: Անընդհատ խոսում էինք հետազոտության վրա հիմնված բարձրագույն կրթական համակարգ ունենալուց: Որակի ապահովման չափանիշներով բուհերի հիմնական թերությունը մշտապես համարվում է հետազոտության բացը: Այն բուհերում, որտեղ դա բավականին ուժեղ է, հսկայական գումարներ են տրամադրվում հետազոտության համար։ Եվ այս տեսանկյունից սահմանափակ ռեսուրսներով ունեցածը նույնիսկ մի բան էլ ավելին է: Մենք նախորդ տարի ակտիվ պայքար ենք սկսել գիտության բյուջեի ավելացման համար: Դա որոշակի հաջողվեց և շարունակվելու է, անընդհատ շեշտը դնելու ենք բյուջեի շարունակական ավելացման վրա»,- ասաց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ ցավոք նախատեսվող բարեփոխումների մի շարք կարևոր դրույթներ դուրս են մնացել հանրության ուշադրությունից: Նա, մասնավորապես, մատնանշեց կրեդիտների փոխանցելիության սկզբունքը, որը հնարավորություն է տալիս ընտրել դասախոսին:
«Հիմնական շեշտադրումը կատարվեց «Հայոց լեզու», «Պատմություն» առարկաների հետ կապված խնդիրների վրա: Հոդված 4. 6-ում խոսվում է հայագիտական հետազոտությունների գերակայության, ինչպես նաև ազգային ինքնության և համամարդկային արժեքների, սոցիալական պատասխանատվության արմատավորման մասին: Այս շեշտադրումները կան, բայց կրկին առնչվում ենք բուհական ինքնավարության հետ, երբ շատերն ասում են, թե այդ հարցում պետք չէ բուհական ինքնավարություն, պետությունը պետք է հայոց լեզվի ուսուցումը պարտադրի բոլոր տեղերում»,-ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց՝ օրենքի նախագիծը, իհարկե, փայլուն չէ, յուրաքանչյուր օրենքի նախագծի շուրջ աշխատելու տեղ կա, սակայն իրենք ցանկանում են լսել առաջարկներ, թեկուզ քննադատություններ՝ բայց հիմնավոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







