Դեկտեմբերի 23-ին շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2020թ. սկսած սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերման և օրենսդրական հենքի կատարելագործման հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրել է համաձայն Կոնվենցիայի դրույթների և ՀՀ ստանձնած պարտավորությունների առաջնային խնդիրները՝ սնդիկի արտանետումների, շրջակա միջավայրում մոնիթորինգի, թափոնների պահման և հեռացման խնդիրները։
Հանդիպման արդյունքում որոշվել է սնդիկ պարունակող ապրանքների շրջանառությունից փուլային դուրսբերման նպատակով մշակել օրենքի նախագիծ, որով կսահմանվի սնդիկ պարունակող արգելված ապրանքների ցանկը՝ առաջնահերթությունը տալով այն ապրանքներին, որոնք ունեն սնդիկ չպարունակող այլընտրանքներ։ Առաջարկն ընդունվել է Ղեկավար խորհրդի անդամների կողմից։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, որը վավերացրել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի օրենքով։
2014 թվականի դեկտեմբերի 25-ին ստեղծվել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհուրդ, որի նպատակն է Մինամատայի կոնվենցիայի իրականացման և կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի կանոնակարգումը:
Ղեկավար խորհրդի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և որի խնդիրներն են՝ Կոնվենցիայի իրականացման գործընթացի համակարգումը, ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ առաջարկ ներկայացնելը և մոնիթորինգը, պարտավորությունների կատարմանը նպատակաուղղված ծրագրերի համակարգումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







