ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր պաշտոնական նամակով դիմել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որպեսզի Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող հայ գերիներին։ Մամիջանյանն այս մասին հայտնել է Ֆեյսբուքում:
Նա նշել է, որ նման դիմում է գրել՝ հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը:
«Նամակում ներկայացրել եմ մեր հայրենակիցներին Բաքվի բանտում սպառնացող վտանգները, բեմականացված դատավարությունները և մարդասիրական տեսանկյունից այդօրինակ այցելությունների կարևորությունը»,- նշել է պատգամավորը։
ԿԽՄԿ գործունեությունն Ադրբեջանում դադարեցվել էր սեպտեմբերի 3-ից:
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։






































