Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երևույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից»,- ասված է հայտարարությունում։
Արցախի ՊՆ-ն կրկին հիշեցնում է, որ 2020թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողականորեն թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։
Այսօր ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







