Բաքվի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու առաջարկ է եղել, Արցախի կառավարության կողմից կներկայացվի դիրքորոշում, հայտարարել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ ներկայացնելով պայմանները, որոնց դեպքում Արցախը կբանակցի Ադրբեջանի հետ։
«Արցախի իշխանությունները դեմ չեն Արցախ-Ադրբեջան շփումներին, սակայն բանակցության ընթացքում կողմերի իրավունքների՝ միջազգային նորմերին համահունչ իրացնելու հնարավորությունը պետք է լինի միջազգային մեխանիզմներով համոզիչ ու վստահելի, երաշխավորված ու պաշտպանված», – ասել է նա։
Պետնախարարը հիշեցրել Արցախի լիակատար շրջափակման մասին և նշել, որ այժմ հուսալի ու համոզիչ երաշխիքների մեխանիզմ չկա։
«Ավելի քան վեց ամիս է, Արցախը գտնվում է շրջափակման մեջ, արցախցիների նկատմամբ Ադրբեջանը անընդհատ կիրառում է ուժ կամ ցուցաբերում է ուժի կիրառման սպառնալիք, արցախցիները զրկված են գազամատակարարումից, էներգամատակարարումից, պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, բավարար սննդից, տարեցները, հղիները, երեխաները և նորածինները զրկված են խնամքի անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից: Եթե Արցախի ժողովրդի իրավունքների միջազգայնորեն երաշխավորված պաշտպանությունն այս տեսքն ունի, ապա պետք է արձանագրենք, որ մենք առայժմ անվտանգության ու իրավատեր լինելու հուսալի ու համոզիչ երաշխիքներ չունենք»,- ասել է նա:
Ներսիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ Արցախի իրավունքների ներքո Հայաստանի իշխանությունները նկատի ունենան նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«Համակարծիք չեմ այն մարդկանց կամ իշխանությունների կամ միջազգային դերակատարների հետ, որոնք, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- իր հարցազրույցում հայտարարել է Ներսիսյանը։
Պետնախարարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը։
«Միջազգային արդի հարաբերություններում վայրենություն ու ահաբեկչություն պիտի գնահատվի այն դեպքը, երբ սովի են մատնում 120,000 մարդու, խոշտանգում նրանց, որից հետո ասում՝ եթե չեք ուզում սոված մնալ, խոշտանգվել, եկեք բանակցությունների»,- հավելել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







