ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ-ում գազի խափանումներով և Ադրբեջանի զորքերի տեղաշարժով: Այս մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ արձագանքելով վեչրջին օրերին Լեռնային Ղարաբաղի Խրամորթ և Փառուխ գյուղերի մերձակայքում լարվածության աճին, ինչպես նաև ԼՂ բնակչության գազամատակարարման խափանմանը:
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- նշված է պետքարտուղարության տարածած հայտարարությունում։
Նշվում է նաև, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերոն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը երեկ՝ մարտի 24-ին, խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ։ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







