Ֆրանսիայի ԱԳՆ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը չորեքշաբթի հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ ТАСС-Ի փոխանցմամբ՝ կողմերը քննակել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։
«Նա նրանց հետ նախ առանձին, ապա համատեղ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», — նշել են Ֆրանսիայի արտգործնախարարությունում։ «Այդ փոխանակումների ընթացքում ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը կրկին կրկնել է Ֆրանսիայի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության», — նշել են գերատեսչությունում:
Լը Դրիանը նաև ընդգծել է, որ «Ֆրանսիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերի օգտին, որպեսզի հասնի այդ նպատակին»: Նախարարը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ իր գործընկերների հետ շարունակելու քաղաքական մակարդակի բանակցությունները։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժամանել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







