Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի տարածք Հունաստանի դեսպանի այցի պատճառներին:
Նշենք, որ հուլիսի 12-ին Հունաստանի Հայ դատի հանձնախումբը բաց նամակ է հղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին, որում զարմանք էր հայտնվում Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաու Պիպերիգուի մասնակցությամբ՝ Ալիևի վարչակարգի կողմից կազմակերպված սադրիչ միջոցառմանը: Նամակում մասնավորապես նշվել է, որ Էրդողանի կողմից գրավված Կիպրոսում կազմակերպված նմանատիպ սադրիչ գործողություններից հետո Ալիևը դեսպաններին հրավիրել է օկուպացված Շուշի։
Հունաստանի արտգործնախարարը պատասխանել է նամակին։
«Ինչպես հայտնի է, Հունաստանը 1992 թ.-ից դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ: Երկկողմ հարաբերություններում ճգնաժամից հետո 2020 թ. աշնանը Հունաստանի դեսպանը վերադարձավ Բաքու, որտեղ իր պարտականություններից ելնելով հետևում է տեղի իրադարձություններին: Բացի այդ, Հունաստանի՝ իբրև ԵՄ անդամ երկրի հնարավորությունների համատեքստում մեր դեսպանությունը Բաքվում իր գործունեությունը համակարգում է գործընկերների հետ: Այդ իսկ պատճառով նմանատիպ հրավերներին վեց բացասական պատասխաններից հետո մեր դեսպանի որոշումը՝ ընդունել երկրի ԱԳՆ հրավերը, որն ընդունվել է եվրոպական դեսպանությունների մեծամասնության կողմից, որևէ պարագայում չի կարող ընդունվել որպես հայացքների հաստատում կամ ընդունող կողմի գործողությունների ճանաչում, դեռ չենք խոսում հանդիսություններին, ավելի ճիշտ՝ տոնակատարությանը մասնակցության մասին:
Այս այցը տեղի է ունեցել ԵՄ անդամ-երկրների դեսպանությունների միջև համակարգման, դիտարկման անհրաժեշտության և նախարարություն հստակ տեղեկատվության փոխանցման համատեքստում:
Մենք միշտ մնում ենք ձեր կողքին՝ մեր սերտ համագործակցության համատեքստում»,- ասված է Հունաստանի ԱԳ նախարարի նամակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







