Մարդասիրական արձագանքման կենտրոնի խաղաղապահները ռուսական բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մարդասիրական ակցիաներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ քաղաք են տեղափոխել ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը։
Ռուս խաղաղապահները ռուսական մարդասիրական առաքելության «Դոկտոր Լիզա» և «Շտապում եմ դեպի բարություն» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ համատեղ մարդասիրական ակցիայի շրջանակում Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցին են տրամադրել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և նյութեր, նաև դիմակներ ու այլ բժշկական պարագաներ:
Բժիշկներից բացի, Ռուսաստանից նվերներ են ստացել նաև թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Դպրոցի ուսուցիչներին և սաներին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների միջոցով փոխանցվել է ավելի քան 350 գիրք, ինչպես նաև սեղանի խաղեր։ Նվերները փոխանցվել են Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







