Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։
«Պատմական իրողությունները քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրելու այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության նկատմամբ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռը հատկապես ցավալի և մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Մայր Աթոռն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին և հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։
Եկեղեցին հիշեցրել է, որ բազմիցս ահազանգել է՝ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունները վարում են պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինչպես նաև դրանց հայկական ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն։ Ըստ Մայր Աթոռի՝ Հաջիևի հայտարարությունները այդ քաղաքականության հերթական դրսևորումն են։
Նշվում է, որ Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների պատշաճ գնահատականին, և անհրաժեշտ են դրանց կանխմանն ուղղված գործուն քայլեր։
Մայր Աթոռը կոչ է արել բարեկամ պետություններին, միջազգային համապատասխան և ազգային կառույցներին գործադրել առավելագույն ջանքեր՝ կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։
«Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ Հաջիևը, եվրոպացի դիվանագետներին ներկայացնելով Արցախի եկեղեցիները, դրանք անվանել էր «աղվանական»։
Հնագետ Համլետ Պետրոսյանը մեղադրել էր Հաջիևին ձեռագրերի թանգարանային վերարտադրություններն օգտագործելու մեջ՝ Գանձասարի վանքի պատմության հայկական «կեղծման» մասին պնդումները հիմնավորելու նպատակով։ Նա նշել էր, որ Դադիվանքում և Գանձասարում պահպանվել է XII-XVII դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություն։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, արձագանքելով Շուշիից տարածված տեսանյութերին, տեղի ունեցածն անվանել էր «ընդվզեցուցիչ երևույթ»՝ այն կապելով հայկական կողմի «անմիաբանության ու անհեռատես քաղաքականության» հետ։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել արձագանքել Հաջիևի պնդումներին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Հաջիևի խոսքերը չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը։
Կարդացեք նաև՝
Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու․ արցախցին՝ դիվանագետներին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







