«Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը բաց նամակ է հղել Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցիչներին և կոչ արել թույլ չտալ, որպեսզի էթնիկ զտման վայրը վերածվի զբոսաշրջային երթուղու։
Ավելի վաղ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 150 անդամից բաղկացած պատվիրակությունը երկօրյա այցով շրջել էր օկուպացված Արցախով։
Շահվերդյանը հատկապես դիմել է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ այն պետությունների, որոնք տասնամյակներ շարունակ հանդես են եկել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և անմիջականորեն ներգրավված են եղել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործընթացում։
«Եթե այցելում եք հայկական վանք, պետք է հարցնեք, թե ինչո՞ւ Բաքվում գտնվող ձեր գործընկերները պարզապես չեն շրջագայում տարածաշրջանում։ Նրանք մասնակցում են մանրակրկիտ ծրագրված քաղաքական և տեղեկատվական արշավի։ Պետք է հասկանաք՝ յուրաքանչյուր դիվանագիտական այց, յուրաքանչյուր լուսանկար և յուրաքանչյուր պաշտոնական քայլ քաղաքական նշանակություն ունի», — ասվում է բաց նամակում։
Նա շեշտել է, որ «վերականգնված Ղարաբաղի» գեղեցիկ լուսանկարների հետևում իրական մարդիկ են, որոնք վտարվել են իրենց տներից։
Շահվերդյանը կոչ է արել Ստեփանակերտ այցի ընթացքում հարցնել՝ որտե՞ղ են դրա նախկին բնակիչները։ Նրա խոսքով՝ մինչ դիվանագետները լուսանկարվում են այն վայրերում, որտեղ ժամանակին տեղակայված էին տեղահանված հայերի տները, հայ պատանդները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։
«Սա պարզապես «Հաղթանակի պուրակ» չէ։ Սա մի վայր է, որտեղ նշվում է հաղթանակն այն մարդկանց նկատմամբ, ովքեր զրկվել են իրենց տներից, հայրենիքից և ազատությունից», — ասվում է նամակում։
Նա շեշտել է, որ խաղաղության մասին խոսելիս հարկ է հիշել՝ արդարացի խաղաղություն հնարավոր չէ կառուցել՝ մոռացության մատնելով տեղահանվածներին, ջնջելով նրանց ժառանգությունը կամ լռություն պահպանելով ադրբեջանական գերության մեջ մնացածների մասին։
«Պետք է հիշեք սա, երբ հաջորդ անգամ լուսանկարվեք Արցախում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







