Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին փաստահավաք առաքելություն իրականացնել Արցախում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ, հայտնում է CSI-ն:
Կազմակերպությունը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում բանավոր հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով Արցախում շարունակվող մարդասիրական ճգնաժամը:
CSI-ն հայտարարել է, որ 150 000 էթնիկ հայ քրիստոնյաներ տեղահանվել են իրենց նախնիների հողերից «ներխուժող ադրբեջանական բանակի» կողմից՝ այն անվանելով «էթնիկ զտումների արշավ»: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանն անտեսում է Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի որոշումը տեղահանված բնակչության անվտանգ վերադարձի վերաբերյալ և խախտում է 2021 թվականի որոշումը՝ համակարգված կերպով ոչնչացնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը:
CSI-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Ջոել Վելդկամը կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և ՄԱԿ-ի խորհրդի նախագահին պաշտոնական փաստահավաք առաքելություն կազմակերպել՝ խախտման դեպքերը հետաքննելու և Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ զեկույց պատրաստելու համար: CSI-ն նաև առաջ է քաշել բնիկ քրիստոնյա բնակչության վերադարձի և Ադրբեջանում պահվող 20 հայերի ազատ արձակման հարցերը:
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է, որն զբաղվում է կրոնական հալածանքների, ստրկության և բնական աղետների հեռևանքով տուժածների պաշտպանությամբ:
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձան, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Նրանք ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։




































