Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է 2004 թվականին Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռին, հայտնում են ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ 2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ գործով։ Դատարանը վճռել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածները։
Ըստ Արցախի ԱԳՆ-ի՝ հատկանշական է, որ գործը քննելու ժամանակ դատարանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը՝ Ադրբեջան ժամանելուն պես, հունգարական բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցումը, բնակարանի տրամադրումը և ծառայության մեջ առաջխաղացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը ճանաչում և ընդունում է Ռամիլ Սաֆավորվի հանցանքները որպես իր սեփականը։
ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության դրսևորումների առկայությունը բազմաթիվ անգամ մատնանշվել են մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ռասսայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական կոմիտեի փաստաթղթերում։
«Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները, որոնք առաջացել են հասարակության գիտակցության մեջ հայերի և ամեն հայկականի նկատմամբ «ատելության վիրուս» ներդնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պետական քաղաքականության և պրակտիկայի հետևանքով»,-նշված է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







