Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ շարունակվել են հայ գերիների եզրափակիչ ելույթները, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Իրենց խոսքում Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
Նիստը կշարունակվի դեկտեմբերի 22-ին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։
Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսա Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:






































