Բաքվում շարունակվել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դատավարությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մեղադրողն ընթերցել է Արցախի բնակչի նկատմամբ մեղադրական եզրակացությունը։ Այնուհետև ցուցմունք են տվել Ավանեսյանը, «տուժողները և վկաները»։
Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 18-ին։
Ավանեսյանը մեղադրվում է «ահաբեկչության և հատկապես ծանր հանցագործությունների» մեջ։ Սեպտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը, հաղորդել էին, որ Ավանեսյանը վիրավորվել և կալանավորվել է Ստեփանակերտում։ Նրանք պնդում են, որ զինված տղամարդը «փորձել է մոտենալ միջոցառման վայրին», որից հետո ձերբակալության ժամանակ «զինված դիմադրություն է ցույց տվել»։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում էր Ստեփանակերտում։





































