Իրանը շտապ միջազգային օգնություն է խնդրել՝ ավերիչ անտառային հրդեհի դեմ պայքարելու համար, որն արդեն շուրջ երեք շաբաթ մոլեգնում է երկրում: Հիրկանյան անտառները 2019 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, գրում է RFERL-ը:
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջաֆար Քեմփանահը հայտարարել է, որ միջոցներ են ձեռնարկվել «բարեկամ երկրներից արագ օգնություն խնդրելու համար»: Նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը, սակայն Իրանի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարին ավելի ուշ հաստատել է, որ Թուրքիան կուղարկի երկու հատուկ ջրցան մեքենա, ուղղաթիռ և ութ մարդուց բաղկացած թիմ՝ հրդեհները մարելու համար: Անսարին հավելել է, որ Իրանը կարող է դիմել նաև Ռուսաստանի օգնությանը, «եթե անհրաժեշտ լինի»:
Իշխանությունները պնդում են, որ հրդեհն ի սկզբանե տեղայնացվել է մի քանի օր անց, սակայն նախորդ հանգստյան օրերին բռնկվել է երկրորդ փուլը:
Բնապահպան ակտիվիստներն ու տեղի բնակիչները, սակայն, պնդում են, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում կրակը շարունակաբար մոլեգնել է, և այդպես էլ չի հաջողվել ամբողջությամբ տեղայնացնել այն: Խորդուբորդ տեղանքը, անսովոր տաք եղանակը և չոր տերևները նպաստել են կրակի պահպանմանը և տարածմանը:
Մազանդարանի բնական պաշարների դեպարտամենտի ղեկավար Մեհրդադ Հազայ-Փոլը հրդեհը բացատրել է հիմնականում մարդկային անփութությամբ:
«Ցավոք, որոշ մարդիկ անզգույշ են գործել, ինչը հանգեցրել է հրդեհի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «բնական գործոնները հիմնական պատճառ չեն հանդիսացել»:
Մազանդարան նահանգում տեղակայված շուրջ 660 000 հեկտար Հիրկանյան անտառներն աշխարհի ամենահին էկոհամակարգերից են: Կասպից ծովի հարավային ափերի երկայնքով ձգվող այս անտառներն ավելի քան 40 միլիոն տարեկան են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







