Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ տեղի ունեցած վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից արված առաջարկի մասին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բայրամովի խոսքով՝ Լավրովը ներկայացրել էր համառոտ փաստաթուղթ, որով առաջարկել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից ուժի մեջ մտնող հրադադար՝ առանց որևէ նախապայմանի կամ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս գտնվող այլ տարածքների զիջման:
Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները և ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պետք է մնային շփման գծի արևելյան հատվածում, իսկ հայկական զինված ուժերը՝ ռուս խաղաղապահների հետ միասին, կտեղակայվեին արևմտյան հատվածում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ստորագրել էին եռակողմ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը մնացել էին իրենց դիրքերում, իսկ Ակնայի շրջանը փոխանցվել էր Ադրբեջանի վերահսկողությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։ Ռուսական խաղաղապահ զորքեր էին տեղակայվել շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ հինգ տարի ժամկետով՝ հնարավոր երկարաձգմամբ։ Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ն Ադրբեջանին էր հանձնել նաև Քարվաճառի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի շրջանը։
Համաձայնագրի ստորագրումից ի վեր հրադադարի ռեժիմը բազմիցս խախտվել է։ 2023 թվականի սեպտեմբերին, Արցախի տասնամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը բռնի ուժով վերահսկողություն էր հաստատել Արցախի մնացած տարածքի նկատմամբ՝ լիովին օկուպացնելով այն։






































