Ռուսական Max մեսենջեր հավելվածն այժմ հասանելի է նաև Հայաստանի քաղաքացիների համար, հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ այն թույլ կտա օգտատերերին զանգահարել Ռուսաստան, Բելառուս, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան և հաղորդագրություններ փոխանակել այդ երկրների օգտատերերի հետ:
Ընկերությունից նաև հավելել են, որ մեսենջերն արդեն ունի ավելի քան 50 մլն օգտատեր: Հավելվածը մշակվել է ռուսական VK ընկերության կողմից և պաշտոնապես ներկայացվում է որպես «ազգային մեսենջեր»: Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել պահանջ. երկրում վաճառվող բոլոր նոր սմարթֆոններն ու պլանշետները պետք է նախապես տեղադրված ունենան Max հավելվածը:
Նախկինում միջազգային և ռուսական լրատվամիջոցները մտահոգություն էին հայտնել հավելվածի կողմից օգտատերերի ենթադրյալ հսկողության վերաբերյալ: Max-ի գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս տվյալներ փոխանցել պետական մարմիններին, ներառյալ՝ IP հասցեները, աշխարհագրական դիրքը, կոնտակտների ցուցակները և մետատվյալները:
Ռուսաստանում, Max-ի առաջխաղացմանը զուգահեռ, ուշադրություն է դարձվել արտասահմանյան հաղորդագրությունների հավելվածների սահմանափակմանը. WhatsApp-ի և Telegram-ի միջոցով զանգերն արդեն մասամբ արգելափակվում են, և օգտատերերին խորհուրդ է տրվում անցնել Max-ի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







