Ուլյանովսկի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար և «Ուլյանովսկի տարածաշրջանային ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահ 56-ամյա Իսլամ Հուսեյնովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և արտաքսվում է երկրից, հայտնում է «Կոմերսանտը»։
Նշվում է, որ սա տարածաշրջանային Ներքին գործերի նախարարության և Ուլյանովսկի մարզի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԱԾ) վարչության համատեղ որոշումն է։
Լրատվամիջոցին չի հաջողվել պետական մարմիններից պարզել որոշման պատճառը։ Ըստ աղբյուրի՝ որոշման հիմքում «քաղաքականություն չկա, այլ զուտ իրավական հարց է, որը կապված է քաղաքացիություն ստանալու ընթացքում ընթացակարգային խախտումների հետ» (Հուսեյնովը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել դեռևս 1990-ականներին):
Հուսեյնովը 2005 թվականից ղեկավարում է ադրբեջանական սփյուռքը և ազգային-մշակութային ինքնավարությունը: Մինչև վերջերս նա նաև նահանգապետի ազգությունների հարցերով խորհրդականն էր (նահանգապետի աշխատակազմը հայտնում է, որ նա հրաժարվել է այդ կարգավիճակից վեց ամիս առաջ) և Ուլյանովսկի մարզի նահանգապետին կից ազգությունների խորհրդի անդամ: Նա ակտիվորեն մասնակցել է Ուլյանովսկի Զասվիյաժսկի շրջանում Հեյդար Ալիևի հուշարձանի կառուցմանը:
2015 թվականին ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեն Հուսեյնովին մեղադրանք էր առաջադրել համայնքային սեփականության հողամասի գրանցման ժամանակ խոշոր չափերի խարդախության համար։ Հետաքննության համաձայն՝ Հուսեյնովը 776 000 ռուբլով գնել է համայնքային հողամաս, մինչդեռ հողամասի արժեքը 6 միլիոն ռուբլի էր, և խոստացված հյուրանոցի փոխարեն սկսել է բնակելի շենքի կառուցումը։ Դատարանը նրան դատապարտել է չորս տարվա պայմանական ազատազրկման և պարտավորեցրել վճարել 1 մլն ռուբլի տուգանք։
Հուլիսին ՌԴ Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովին ևս զրկել էին ՌԴ քաղաքացիությունից և արտաքսել Ռուսաստանից։
2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։ Մեկ այլ առիթ էր հանդիսացել ադրբեջանական ծագմամբ քաղաքացիների ձերբակալությունները Եկատերինբուրգում:




































