Վրաստանում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպանների գործողությունները գերազանցում են դիվանագիտական սահմանները և պարունակում են երկրի ներքին գործերին միջամտության հստակ նշաններ, սակայն նրանց վտարելու որոշում չկա, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Իրակլի Կիրցխալիան, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Կոնկրետ երկրներից դեսպանների վտարումը կհանգեցնի դիվանագիտական քայլերի, որոնք բացասաբար կանդրադառնան Վրաստանի հարաբերությունների վրա այդ երկրների հետ։ Հետևաբար, մենք մնում ենք միակողմանի բարեկամության ռեժիմում, քանի որ կարծում ենք, որ ներկայիս անընդունելի իրավիճակը ժամանակավոր է»,- ասել է նա։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը չորս տարվա ընթացքում ականատես է դարձել հինգերորդ հեղափոխության փորձին։ Նա նաև մեղադրել էր արևմտյան երկրների դեսպաններին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը նախագահական նստավայրի վրա կատարված հարձակման գործով ձերբակալել էր 13 անձի, ևս երկուսին դեռևս որոնում են։
Վրաստանի 64 քաղաքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ֆոնին բողոքի ակցիայի մասնակիցները հոկտեմբերի 4-ի երեկոյան փորձել էին ներխուժել նախագահի պալատ՝ «իշխանությունը ժողովրդին» փոխանցելու նպատակով, տուժել էր 14 ոստիկան։ Ցուցարարների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նաև իշխանությունը տապալելու հոդվածով։






































