Վրաստանը դժգոհել է Եվրոպական արտաքին գործունեության ծառայության՝ Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 20-ին նախատեսված նախարարական հանդիպմանը դեսպանի մակարդակով հրավիրվելու համար, տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ տարածած հայտարարությունից։
Ըստ հայտարարության՝ միջոցառմանը Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ղազախստանից և Ղրղզստանից հրավիրվել են Արտաքին գործերի նախարարները, իսկ Վրաստանից՝ դեսպանը, ինչը, ըստ վրացական կողմի, ցույց է տալիս ԵՄ ինստիտուտների կողմից անլուրջ վերաբերմունքը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ սա ևս մեկ փորձ է Վրաստանի՝ ԵՄ միջոցառումներին մասնակցության հարցը քաղաքական շահարկումների ենթարկելու համար, հետևաբար՝ չի մասնակցի միջոցառմանը։
«Հույս ունենք, որ ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունը լավ գիտակցում է աշխարհաքաղաքական կարիքները, կարևորում է Վրաստանի հետ գործընկերությունը, նրա դերը Եվրոպայի և Ասիայի միջև կապի գործում և չի կիսում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վերաբերմունքը Վրաստանի մասնակցության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունները լարվել էին 2024 թվականի մայիսից, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունել էր «օտարերկրյա գործակալների» մասին անունն ստացած օրենքը։ ԵՄ-ն հարցեր ունի նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդարության և թափանցիկության վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







