Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսի պատերազմի պատասխանատուն և մեղավորը երկրի այդ ժամանկվա ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ու նրա կառավարությունն էին, գրում է Ekhokavkaza.com-ը։
Կոբախիձեի խոսքով՝ լինելով գլխավոր հրամանատար՝ Սաակաշվիլին գործել է «խորքային պետության» հրահանգով։
«Սաակաշվիլիի արյունալի ռեժիմը, որն իշխանության ղեկին մնաց կեղծված ընտրությունների շնորհիվ, պատերազմ սանձազերծեց։ Եվրոպայի խորհրդի բանաձևում ուղղակիորեն ասվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել են Ցխինվալիի ռմբակոծմամբ։ Օգոստոսի 8-ի ամբողջ օրը Սաակաշվիլին և նրա համախոհները հայտարարել են Ցխինվալին վերադարձնելու մտադրության և հարձակման մասին», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեն ընդգծել է, որ 2008 թվականին այդ ժամանակված նախագահը «չի ներկայացրել Վրաստանը», քանի որ իշխանությունը պահվել է «խարդախության ճանապարհով»։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օգոստոսի 8-ը համարում է պատերազմի մեկնարկի օր և պատասխանատվությունը դնում Սաակաշվիլիի «Ազգային շարժման» կառավարության վրա: Հակամարտության ընթացքում զոհվել էր 228 խաղաղ բնակիչ, 14 ոստիկան և 170 զինծառայող, վիրավորվել՝ 1747 մարդ: Մոտ 150 հազար մարդ ստիպված լքել էր տները, 30 հազարը մինչ օրս չեն վերադարձել։





































