Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևn Իրանում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են «շարունակել փոխվստահության բարձրացմանն ուղղված միջոցառումները»:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հաջիևը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանայիի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:
Հաջիևը հայտնել է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային 3+3 ձևաչափի շրջանակներում համագործակցությունը:
Ալիևի օգնականի խոսքով՝ բանակցությունների ընթացքում «Աղբենդ-Նախիջևան և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները նշվել են որպես տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կարևոր նախագծեր, որոնք ծառայում են երկու երկրների ընդհանուր շահերին»:
Հունվարին Թեհրանում տեղի ունեցավ Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստը, որի արդյունքում հայտարարվեց Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի միջև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կատարելագործման շուրջ համաձայնության հասնելու մասին: