Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնել հնարավոր է, եթե միանշանակ լինի ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների կողմից հանձնառություն և գործուն քայլեր, հրաժարում առավելապաշտական նկրտումներից:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա: Պատահական չէ, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, որին մենք ակնկալում ենք մյուս միջազգային գործընկերների գործնական աջակցությունը: Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար կարևոր է Լեռնային Ղարաղաբի ժողովրդի իրավունքների հասցեագրումը և ԼՂ-ում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանության հասցեագրումը»,- շեշտել է նախարարը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հարավային Կովկասում անհրաժեշտ է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում, քանզի արդեն ականատես ենք եղել դրանց դրսևորումներին: Նա հիշեցրել է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում իրականացվել է էթնիկ զտման քաղաքականություն, ավելի քան 100 000 հայեր ստիպված են եղել իրենց կյանքը փրկելու համար բռնի տեղահանվել, լքել են իրենց պատմական հայրենիքը և որպես փախստական՝ ապաստան գտել ՀՀ-ում:
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







